Միանշանակորեն հերքելով կապը Բալկաններում տեղի ունեցած իրադարձությունների, որոնք հանգեցրեցին Կոսովոյի անկախության հռչակմանն ու ճանաչմանը, եւ Հարավային Կովկասում հակամարտությունների շուրջ ստեղծված վիճակի միջեւ, Միացյալ Նահանգները, այդուհանդերձ, ԼՂ հակամարտության տարածաշրջան է ուղարկում Բալկանյան տարածաշրջանում փորձառություն ունեցող դիվանագետների:
Այսօր հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ է նշանակվել Ռոբերտ Բրադկեն` Խորվաթիայում ԱՄՆ նախկին դեսպանը: 2001-2004 թվականներին Բրադկեն եղել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնականը եւ պատասխանատու է եղել ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի մասով:
Հատկանշական է, որ վերջերս այդ պաշտոնում նշանակվել էր Թինա Քայդանովը՝ փաստացի առաջին ԱՄՆ դեսպանը Կոսովոյում:
Հարավային Կովկասն այսօր ամերիկյան քաղաքականության մեջ գլխավոր տեղ է գրավում եւ պետք չէ կասկածել, որ Քայդանովի ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ կլինի նույնքան ինտենսիվ, որքան նրա նախորդ Մեթյու Բրայզայինը:
Արժե հիշեցնել Ռոբերտ Բրադկեի հայտարարությունը Կոսովոյի անկախության առիթով, որը նա տվել է «Ազատություն» ռադիոկայանին. «Ես կարծում եմ, որ Կոսովոյի անկախությունը կօգնի ստեղծել բազիս Հարավ Արեւելյան Եվրոպայի այդ հատվածում կայուն ապագայի համար՝ այդ երկրների ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությամբ: Շատ կարեւոր է, որպեսզի Սերբիան ընդունի, որ ապագան հենց դրանում է: Ապագան նրանում չէ, որ փորձ արվի վերադառնալ անցյալին, փորձ արվի ապրել մեկուսացած, այլ Կոսովոյի անկախության իրողությունը ընդունելու եւ առաջ ընթանալու մեջ է»:
Չի կարելի չնկատել, որ ամերիկյան դիվանագետի այս մեջբերումը, այս կամ այն կերպ ամբողջությամբ հնչել է հայկական կողմից, Երեւանում ու Ստեփանակերտում գործող քաղաքական գործիչների կողմից: Այսինքն, որ Ադրբեջանը պետք է համակերպվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման հետ, որը փաստացի անկախություն է ձեռք բերել եւ չփորձի ետ պտտել պատմությունը, որը հղի է նոր մեծ ողբերգությամբ:




























