Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Տհե Ենը հրաժարական է տվել: Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մեն Բակն այն արդեն ընդունել է:
Պաշտպանության նախարարին եւ այլ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկ անելու պահանջով հանդես էին եկել Հարավային Կորեայի իշխող կուսակցության պատգամավորները: Նրանց կարծիքով երկիրը չի կարողացել համարժեք պատասխան տալ նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեայի կողմից Ենփհենդո կղզու գնդակոծմանը, գրում է Lenta.ru-ն:
Դեղին ծովում գտնվող Ենփհենդո կղզու մոտով է անցնում ԿԺԴՀ-ին եւ Հարավային Կորեային բաժանող վիճելի գիծը: Նոյեմբերի 23-ի միջադեպը խոշորագույնն էր նախորդ 50 տարվա ընթացքում, Կորեական պատերազմի ավարտից հետո: Հյուսիսի բացած կրակի հետեւանքով զոհվել էր երկուական զինվորական եւ խաղաղ բնակիչ:





























