ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հերքել է «Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցությունից հրաժարվելու» մասին տեղեկությունը: Խոսքը վերաբերում է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) «Պզոյի գործի» նախաքննության շրջանակներում Հայաստանին է հանձնել 30 ազգանուններից կազմված ինչ-որ ցուցակ, սակայն հայկական կողմը հրաժարվել է այդ ցուցակից որեւէ մեկին հանձնել ամերիկյան կողմին: ՀՀ դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտ»-ի հարցին, թե արդյոք նման ցուցակ ներկայացվե՞լ է, ասել է, որ հրապարակումն իրականության հետ որեւէ աղերս չունի եւ ակնհայտ կեղծ տեղեկություն է պարունակում: «Հայտարարում եմ, որ ԱՄՆ-ից՝ ընդհանրապես եւ ՀԴԲ-ից՝ մասնավորապես, տվյալ քրեական գործով իրավական օգնություն տրամադրելու մասին որեւէ հարցում չենք ստացել, չենք ստացել նաեւ ձերբակալման կամ կալանավորման համար անձանց որեւէ ցուցակ:

Ավելին, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Երեւան չեն ժամանել ՀԴԲ աշխատակիցներ՝ որեւէ քննչական գործողությունների մասնակցելու նպատակով: Հակառակի մասին պնդումներն ուղղակի մտացածին են»,-ասել է Տռուզյանը: