Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող մեխանիզմներով հագեցած լիազորություններ է ունենալու, որը կարող է առանձին հետաքննություն անցկացնել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետությանը։

« Ունենալու ենք զուգահեռ գործող մեխանիզմներով հագեցած հնարավորություն, որը կարող է առանձին հետաքննություն անցկացնել, իհարկե ոչ ոստիկանական գործողություններով, բայց ուսումնասիրել, վերլուծել ու ահազանգեր ստանալով դիմել իրավապահ մարմիններին, եւ հետեւել գործընթացներին,  կարող են։ Եթե նրանց նկատմամբ ամենօրյա վերահսկողություն լինի, ապօրինի հարստացման հետքերը բացահայտեն, ամեն մեկը կարողանա ապացուցել՝ իր եկամուտներին համպատասխան է ապրում, թե ոչ, դա արդեն կոռուպցիայի կանխարգելման միջոց է»,–մեկնաբանել է պատգամավորը։ Հարցին՝ ինչ երաշխիք կա, որ իրավապահները ստացած բողոքները կքննեն անաչառ, անկաշառ, Ռուստամյանը պատասխանել է.

«Այստեղ հարցն այն է, որ այս մարմինը ունի հնարավորություններ, որ գնա հետապնդի։ Հիմա մենք էլ շատ բան ենք լսում, բայց մեր ձեռքը գործիք չկա այդ ամեն ինչի հետեւանքների մասին մտածենք, ինչպես դա վերածենք պատժի, հանցագործոըթյունը կանխարգելելեու ձեւի։ Այս մարմինը  ունենալու է լիազորություններ եւ իրականացնելու է դրանք»,–ասել է Արմեն Ռուստամյանը։