Նույնիսկ ամենակատարյալ Ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել կատարյալ ընտրությունների անցկացում, եթե համապատասխան կամք չլինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացի մասին։
Նա նշեց, որ փաստաթուղթը բաց է բոլոր նպատակահարմար առաջարկությունների համար եւ կապ չունի, թե քաղաքական որ ուժի կողմիւց կհնչեն այդ առաջարկությունները։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ խորհրդակցությունների ժամանակ բավական հետաքրքիր առաջարկություններ են հնչել, որոնց մի մասը, նրա կարծիքով, տեղ կգտնեն փաստաթղթում:
Հարցին, թե ինչո՞ւ իշխող կուսակցությունը փաստաթղթի մշակման ժամանակ չի խորհրակցել խորհրդարանական ընդդիմության հետ, Հարությունյանն ընդգծեց. «Այդ դեպքում փաստաթղթի մշակման դեռ սկզբնական փուլում այնպիսի բանավեճեր կծավալվեին, որ անհնար կլիներ աշխատանքները շարունակել, եւ մենք հիմա նախագիծ չէինք ունենա»։ Նա նաեւ հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, Ընտրական օրենսգրքում փոոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանականների դատին կներկայացվի 2011-ի փետրվարին։





























