Այսօր` նոյեմբերի 26-ին Բաքվից Երեւան են ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նրանք հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ ավելի ուշ կհանդիպեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ մինչ այդ եղել էին նաեւ Մոսկվայում եւ հանդիպում ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք վերջինիս հետ քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցը` դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի համատեքստում:
Նշենք նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին հայտարարություն էին տարածել, որտեղ հույս էին հայտնել, որ դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովից առաջ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը ավելի ակտիվ է ընթանալու: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին, հայտարարել էր, որ Աստանայի գագաթաժողովը կարող է բեկումնային լինել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:




























