Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի 35-րդ կետում գագաթաժողովը նշեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնավարությանը, եւ, որ դաշինքը շարունակելու է աջակցել այս տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` առաջնորդվելով վերոնշյալ սկզբունքներով:
Այս դրույթի հետ կապված Հայաստանի Հանրային ռադիոընկերության «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը պաշտոնական պարզաբանում է խնդրել Հայաստանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանատներից` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, միաժամանակ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ` ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված : «Ռադիոլուրի» հարցման մեջ մասնավորապես նշվել է.
«Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրերն ի դեմս իրենց նախագահների, բազմիցս հայտարարել են կարգավորման գործընթացի առնչությամբ իրենց դիրքորոշման մասին. այն է` հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եվ ազգերի ինքնորոշման սկզբունքներով: Մինչդեռ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան հռչակագրում ներառվեց դրույթ, որտեղ հարավկովկասյան հակամարտությունների վերաբերյալ նախկին ընդհանրացված ձեւակերպումը պահպանվեց: Ընդ որում այդ ձեւակերպումը չի համադրվում եռանախագահող երկրների նախագահների` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ մինչ այդ արած հայտարարությունների հետ»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում նշվել է.
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ եւ տեւական լուծմանը Մինսկի խմբի գործընթացի միջոցով` Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաեւ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի կողմից 2009թ. Լ’Աքվիլայում եւ 2010թ. Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններով վերահաստատված տարրերի հիման վրա»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պատասխանում նշվել է.
«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորմանը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների ` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եվ ազգերի ինքնորոշման սկզբունքների , ինչպես նաեվ նախագահներ Սարկոզիի, Մեդվեդեւի եվ Օբամայի կողմից Լ’Աքվիլայում եւ Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններում ներառված տարրերի վրա»:




























