Վրաստանի՝ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած շրջաններում սկսվել է տուժածների, ինչպես նաեւ ավերածությունների մասին տվյալների հավաքագրումը։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օնիի շրջանում, որտեղ հիմնականում հին տներ են տուժել։
Ինչպես հայտնել է Օնիի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Ամիրան Սխիերելին, զոհեր եւ լուրջ ավերածություններ չկան։ «Այժմ մենք շրջում ենք բակերով, քանի որ բնակչությունը խուճապի մեջ է։ Ինչ վերաբերում է գյուղերին, ապա դրանց բոլորի հետ էլ կապ ունեմ եւ գիտեմ, որ գյուղերից ոչ մեկում ավերածություններ չեն եղել»,- հայտարարել է Սխիերելին։ Ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ պրես» գործակալությունը, Օնիում տուժել է մեկ մարդ, ով երկրաշարժի ժամանակ թռել է պատուհանից եւ ջարդել ձեռքը։ Քաղաքի Շտապ օգնության ծառայությունից հաղորդել են, որ ոչ մի կանչ չի գրանցվել,եւ հիվանդանոց տուժածներ չեն դիմել։
Թբիլիսիում, որտեղ ցնցումների ուժգնությունը 5 բալ է կազմել, եւս զոհեր եւ ավերածություններ չկան։
Հիշեցնենք, որ ստորերկրյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում հասել է 8 բալի։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության մամուլի ծառայությունից, երկրաշարժին հաջորդել է 6 բալանոց հետցնցում։ Ստորերկրա ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանի տարածքում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Նոյեմբերյանում, որտեղ ցնցումների ուժգնությունը հասել է 3-4 բալի։




























