Հյուսիսային Կորեայի քաղաքացիները զանգվածաբար լքում են ռուսական Պրիմորյեն: Մասնավորապես, Նախոդկայում ԿԺԴՀ-ից ժամանած  բանվորները շտապ կարգով լքել են շինարարությունը, առեւտրականները թողել են վաճառասեղանները, կրպակներն ու շուկաները:

Նրանց են միացել նույնիկս ԿԺԴՀ հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք ակտիվ աշխատում են ՌԴ Հեռավոր Արեւելքում, գրում է «Էխո Մոսկվին»:

Հյուսսային Կորեայի հյուպատոսությունում 5 հեռախոսահամարներից ոչ մեկը չի պատասխանում: Պրիմորյեի լրատվամիջոցները նշում են, որ հյուսիսկորեացիների անհետացումն արդեն բացասաբար է անդրադառնում տեղի էկոնոմիկայի վրա, քանի որ ԿԺԴՀ քաղաքացիներն այստեղ ամենաէժան աշխատուժն են:

Ինչպես ավելի վաղ նշել է NEWS.am-ը, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ լարվածությունն աճել է, որը նոյեմբերի 23-ին վերաճել է ռազմական բախման, որի արդյունքում հրետանային կրակի տակ է հայտնվել հարավկորեական Ենպհենդո կղզին: Արդյունքում սպանվել է 4 եւ վիրավորվել 20 մարդ:

Նշենք, որ Ենպհենդո կղզում տեղի ունեցած միջադեպը պատճառ է դարձել, որ հրաժարական տա Հարավային կորեայի պաշտպանության նախարար Կիմ Տհե Յենը: