Ադրբեջանը պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի հետ։ Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը՝ նշելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացում մնում է անփոփոխ. «Մենք շարունակելու ենք այն գիծը, որը որդեգրվել է եւ իրականացվում է»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահի անունը. դա Խորվաթիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Բրադկեն է, որը ամերիկյան դիվանագիտական ծառայության մեջ է արդեն 36 տարի։ 2001-2004 թթ. Բրադկեն աշխատել է եվրոպական ու եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական եւ ՆԱՏՕ-ի ու ԵԱՀԿ գործունեության պատասխանատու։ 1983 թվականին աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը։




























