Շվեդական Գյոթեբորգ քաղաքում անցորդը բռնել է 7-րդ հարկից վայր ընկնող տղային: 6-ամյա երեխան բարձրացել է իրենց տան պատշգամբ եւ շուտով ականատեսների համար պարզ է դարձել, որ նա ամենայն հավանականությամբ վայր է ընկնելու: Ժամանած արտակարգ ծառայության աշխտակիցները չեն հասցրել որեւէ միջոց ձեռնարկել, երբ երեխան վայր է ընկել ավելի քան 20 մետր բարձրությունից:

Տեսնելով, որ երեխան վայր է ընկնում, ականատեսներից մեկը վազել է շենքի մոտ եւ կարողացել է բռնել նրան: Անցորդի գործողությունների արդյունքում երեխան ողջ է մնացել, թեեւ վնասվածքներ է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում: Դեպքի պատճառները հետաքննվում են: Նախնական վարկածով, ծնողները թույլ են տվել երեխային մենակ մնալ սենյակում եւ չեն ստուգել, թե ինչով է նա զբաղվում:

2009 թվականի գարնանը նմանատիպ մի դեպք է տեղի ունեցել ամերիկյան Լոուրենս քաղաքում: Երկու անցորդներ նկատել են, որ 1,5 տարեկան երեխան հնարավոր է վայր ընկնի 3-րդ հարկից, վազել են շենքի մոտ եւ բռնել վայր ընկնող երեխային: Այս դեպքում բժիշկները երեխայի մոտ որեւէ վնասվածք չեն հայտնաբերել: