Չեխիան բավարարված չէ Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության ներկայիս մակարդակով: Այս մասին հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
Նրա խոսքով` սա երկկողմանի հարաբերությունների ամենաբարձր մակարդակը չէ: «Սակայն մենք վերջին վեց ամիսներին զարգացման լավ միտումներ ենք զգում: Սա հավանաբար կապված է Հայաստանի տնտեսության մեջ դրական դինամիկայի եւ ձեր երկրում չեխ բիզնեսմենների հետաքրքրության հետ: Այս կապակցությամբ մենք որոշակի նորություններ ունենք. օրինակ` չեխական «Շկոդա» ընկերության եւ ռուսական «Ռոսատոմ» ձեռնարկության միջեւ վերջերս պայմանագիր է ստորագրվել Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման վերաբերյալ»,- նշեց Միկիսկան` շարունակելով, որ չեխական մեկ այլ ընկերություն «Գրանդերան» Հայաստանում կզբաղվի LED լուսադիոդային լուսավորման արտադրությամբ: Չեխական «Տատրա» ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանում բեռնատարների գործարան հիմնելու շուրջ: Չեխական մի շարք այլ ընկերություններ Հայաստանում գործունեություն են ծավալում էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում:




























