Թուրքիայի Արդարադատության նախարար Սադուլահ Էրգինը դիմել է հանրապետական դատախազություն Սինջանի քրեական ծանր գործերով դատարանում գտնվող Թուրքիայի նախագահի դեմ բացած «Կորած տրլիոնի» դատական գործընթացը ըստ գործող օրենսդրության չեղյալ հայտարարելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ «Կորած տրիլիոն» դատական գործընթացը կապված է դեռեւս 1998 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ, երբ ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էին իսլամիստական «Բարօրորություն» (Refah) կուսակցության շարքերում, որի ղեկավարն էր Նեջմեթին Էրբաքանը։ 1998 թվականին Թուրքիայի սահմանադրական դատարանը փակում է «Refah» կուսակցությունը, սակայն մինչ այդ իշխանությունում գտնվող Refah-ի ղեկավարները, կուսակցության փակումից եւ իշխանությունից հեռանալուց հետո չեն վերադարձնում պետությունից ստացած գումարները, որոնք հետագայում պարզվում է, որ գրանցել են որպես կեղծ ծախսեր։
«Կորած տրիլիոնը»-ի գործով 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտվում «Refah»-ի առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը։ Բացի այդ կուսակցության մի շարք անդամներ ստանում են 1 տարվա ազատազրկում։
Աբդուլահ Գյուլը, մտնելով խորհրդարան եւ ունենալով անձեռնմխելիություն, չի ենթարկվել դատական պատասխանատվության։ Սակայն երբ նա դարձավ Թուրքիայի նախագահ վերացավ նրա անձեռնմխելիությունը, եւ սկսեցին քննարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։ Բայց հանրապետական դատախազությունը որոշում ընդունեց կարճել գործը Գյուլի դեմ՝ անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով։ Այս որոշմանը առարկեց Սինջանի քրեական ծանր գործերով դատարանը եւ որոշեց շարունակել Գյուլի դեմ դատական գործընթացը։
Մի քանի օր առաջ էլ Սինջանի քրեական ծանր գործերով դատարանի նախագահ Օսման Քաչմազը բավարարեց ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության իրավաբանների հայցը՝ դատական գործ բացելու TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրենի եւ «Խոշորացույց» հաղորդման խմբագիրների դեմ, որոնք թույլ էին տվել, որ նշյալ հաղորդմանը մասնակցի «Էրգենեկոնի» գործով մեղադրվող Թունջայ Գյունեյը, որը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալին մեղադրել էր քրեական ծանր հանցանքներ գործելու մեջ։ Իր հերթին Սինջանի ծանր քրեական գործերով դատարանի նախագահը՝ Օսման Քաչմազը, եւս մեղադրվում է մեծ աղմուկ հանած «Էրգենեկոնի» գործով։
Հիշեցնենք, որ Էրգենեկոնը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպությունն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, Ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Էրդողանին։




























