Կյանքի 85-րդ տարում վախճանվել է ամերիկյան հայտնի կատակերգակ Լեսլի Նիլսենը, հաղորդում է Deadline Hollywood-ը:

Դերասանը մահացել է կիրակի՝ նոյեմբերի 28-ին, Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում:

Նիլսենը ծնվել է 1926թ. Կանադայում, ոստիկանի ընտանիքում: Նախքան Նյու Յորքի կինոդպրոց ընդունվելը նա հասցրել է գնդացրորդ լինել կանադանական ռազմաօդային ուժերում եւ դիջեյ` ռադիոյում: 1954թ. դերասանը հայտնվել է Հոլիվուդում եւ հասցրել է նկարահանվել 100 ֆիլմերում եւ 1500 հեռուստահաղորդումներում: Նրա ամենահայտնի դերը դետեկտիվ Ֆրենկ Դրեբենն է «Մերկ ատրճանակ» ոստիկանական կատակերգության երեք մասերում: Նրա վերջին դերը եղել է «Ամերիկյան հեքիաթ» ֆիլմում՝ 2008թ:

Նիլսենը չորս անգամ ամուսնացած է եղել, ընդ որում՝ վերջին անգամ 2001թ.: Երկրորդ ամուսնությունից 2 դուստր ունի: