Ազգային ժողովի պատգամավոր, «Սիլ կոնցեռն»-ի ղեկավար Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու պարագայում Երեւանի 10-րդ ընտրատարածքում նոր ընտրություններ պետք է տեղի ունենան: Իհարկե, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ԱԺ առաջիկա նիստում խորհրդարանի խոսնակի կողմից Խաչատուր Սուքիասյանի հրաժարականի մասին տեղեկացնելուց հետո նա 15 օրվա ընթացքում չհրաժարվի իր որոշումից:
Նշենք, որ Խ. Սուքիասյանը 2007 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց 10-րդ ընտրատարածքից է մեծամասնական ընտրակարգով ընտրվել պատգամավոր:
Ըստ ընտրական օրենսգրքի, ընտրությունները տեղի են ունենալու պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահից սկսած 80-րդ օրը։ Այսինքն եթե ԱԺ առաջիկա նիստում` սեպտեմբերի 14-ին հայտարարվի հրաժարականի մասին, Խ. Սուքիասյանի լիազորությունները կդադարեն սեպտեմբերի 29-ին, որից 80 օր հետո, այն է՝ դեկտեմբերի 18-ին, պետք է որ տեղի ունենան նոր ընտրություններ:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականին, ապա նրա դեպքում նոր ընտրություններ չեն տեղի չեն ունենալու, քանի որ «Ժառանգության» առաջնորդն ընտրվել է համամասնական ընտրակարգով: Այս դեպքում, նրա տեղը խորհրդարանում պետք է զբաղեցնի «Ժառանգության» ցուցակում հաջորդ համարը, որը տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն է: Եթե նա չհրաժարվի մանդատից, ապա հենց նա էլ կլինի «Ժառանգության» նոր պատգամավորը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























