«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը` ի դեմս Գարեգին Ղազարյանի, դիմել է վերաքննիչ դատարան, քանի որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է ընդունել նրա հայցը` կապված Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը թույլ տվող օրինագծերն անօրինական լինելու հիմքով չեղյալ համարելու հետ:
Հիշեցնենք, որ Գարեգին Ղազարյանը հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ՀՀ ԿԳՆ-ի ու Կառավարության, Ազգային ժողովի՝ «առաջին ընթերցմանբ ընդունված» համարվող Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ ենթադրող օրինագծի անօրինական լինելու հիմքերով չեղյալ համարելու եւ հետ վերցնելու համար:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է հայցադիմումի ընդունումը: Նշված որոշման դեմ հայցվոր Գարեգին Ղազարյանը բերել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ եւ գործի քննությունը նշանակել է երկուշաբթի, նոյեմբերի 29-ին, ժամը 13:05, Վերաքննիչ դատարանում (ք. Երեւան, Գ նժդեհի փ 23, առաջին հարկ 103 դահլիճ) նախագահող դառավոր Ա. Թումանյանի գլխավորությամբ (մուտքը անձնագրով):





























