Հայաստանի իշխանությունները փորձում են համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտան մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կրկնություն այն դեպքում, եթե հանրահավաքների մասնակիցները փորձեն հերթական անկարգությունները հրահրել քաղաքում։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսպես է բացատրել մեծ թվով ոստիկանների ներկայությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում։

Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հայտարարել է, որ «երկրի իշխանությունները բացարձակապես ոչ մի բանից չեն վախենում»։ «Մենք անհանգստանում ենք միայն մեր քաղաքացիների անվտանգության համար, որոնք ուզում են հանգիստ շրջել քաղաքի կենտրոնով եւ չենթարկվեն հանրահավաքի մասնակիցների սադրանքներին»,- հայտարարել է Ավետիսյանը։

Նա նաև իր վրդովմունքն է արտահայտել այն առիթով, որ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի կողմից հայտարարված համաներումը համարում են իրենց վաստակն ու ձեռքբերումը։

Մինչդեռ Խաչատրյանը հայտարարել է, որ համաներումը ամենևին էլ Հայաստանի իշխանությունների բարի կամքի դրսևորում չէ, այլ ընդամենը ԵԽԽՎ-ի կտրուկ գնահատականներից խուսափելու փորձ։ Խաչատրյանը նաև նշել է, որ չնայած առավել վճռական քայլերի դիմելու ընդդիմության կոչերին, նա նպատակին հասնելու, այսինքն սահմանադրական, իրավական ճանապարհով երկրում ժողովրդավարության կայացման կողմնակից է. «Սահմանադրական ճանապարհը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում»,- հավելել է նա։