«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը լուրջ քաղաքական էֆեկտ չի ունենա, բայց եթե «Ժառանգության» ողջ խմբակցությունը հրաժարականի դիմում ներկայացնի, դա լրջագույն քաղաքական քայլ կլինի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումներ կլինեն ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հրաժարականների դեպքում, ՀԺԿ քարտուղարը նշեց. «Դրանք անհատական հրաժարականներ են: Այ եթե „Ժառանգություն“ խմբկացությունն ամբողջովին հրաժարական տար, դա արդեն լուրջ քաղաքական հետեւանքներ կարող էր ունենալ, բայց այս ձեւով չեմ կարծում, թե լուրջ հետեւանքներ կունենա»: Ավելին, ըստ Հարությունյանի՝ «Խաչատուր Սուքիասյանի հրաժարականը միանշանակ գովելի է, ընդունելի է, ճիշտ է»: «Րաֆֆի Հովհաննիսյանինը… Ինքը խմբակցություն է ներկայացնում, եւ ամեն դեպքում կուսակցության առաջնորդն է»,- նկատեց Գրիգոր Հարությունյանը:

Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում չէր բացառել ողջ խմբակցության հրաժարականը: «Այ դա կլիներ, ուժեղ քայլ եւ շատ լուրջ հետեւանքներ կունենար»,- ասաց ՀԺԿ քարտուղարը եւ մանրամասնեց. «Խորհրդարանը կմնար առանց ընդդիմության: Միայն Դաշնակցության անունը չտաք: Նա դեռ ընդդիմություն չէ:

Եթե խորհրդարանում ընդդիմություն չի լինում, մենք ԵԽ անդամ երկիր ենք, դա արդեն լուրջ ճգնաժամ է համարվում»: