«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը միայն կվնասի կուսակցության վարկանիշին ու աշխատանքին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հրաժարումը պատգամավորական մանդատից:
«Կոնկրետ Խաչատուր Սուքիասյանի հետ կապված նշեմ, որ պարոն Սուքիասյանը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է, եւ բացառապես իր իրավունքն է ներքաղաքական դաշտում լինելը: Նա օգտվել է իր իրավունքից»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ հավելեց. "Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականին, ես դրա մոտիվներին ծանոթ չեմ, բայց հավանաբար պարոն Հովհաննիսյանը որոշել է, որ այլեւս անելիք չունի քաղաքական դաշտում: Բայց այնուհանդերձ կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դուրս գալը միանշանակ բացասական ակզդի իր գործընկերների վարկանիշի եւ աշխատանքի վրա եւ շատ ծանր վիճակի մեջ կդնի «Ժառանգությանը»:
Ըստ Շարմազանովի՝ անհասկանալի էր նաեւ, որ «Ժառանգության» առաջնորդի հրաժարականի մասին գործընկերները տեղյակ չէին, եւ միայն երեկոյան են հաստատում փաստը:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ զարգացումներ կլինեն, եթե «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջությամբ հրաժարականի դիմում ներկայացնի, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Ես մշտապես ասել եմ, որ պատմությունը ցոյց տվել, ո մանդատներից հրաժարումը կամ բոյկոտը առաջին հերթին վնասում է դա անող քաղաքական ուժին: Կոնկրետ հանրապետական կուսակցությունը անկախ ամեն ինչից կիրականացնի իր ծրագրերը, իր քաղաքականությունը»:




























