Հայաստան մտնող զբոսաշրջիկների իրական քանակի մասին տրվում են թյուր ցուցանիշներ, այսօր՝ նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Ավարայր տուր» զբոսաշրջային ընկերության նախագահ Արկադի Սահակյանը։ Պաշտոնապես հաղորդվել է, որ զբոսաշրջիկների քանակը 680 հազար է, սակայն դրանց մեջ հաշվառվում են նաեւ Ռուսաստան եւ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում են հայրենիք, ինչպես նաեւ Իրանից Հայաստան մտնող բեռնատարների վարորդները, որոնք այդ բեռնատարներում էլ գիշերում են։ Այդ կերպ՝ ամեն տարի Հայաստան է մտնում մոտ 35 հազար իրանցի «զբոսաշրջիկ»։
Ըստ ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի՝ Հայաստան այցելած 680 հազար անձանցից միայն 10-15 տոկոսն է «իսկական զբոսաշրջիկ», այսինքն՝ օգտվում է տուրփաթեթներից, հյուրանոցներից, իրականացնում էքսկուրսիաներ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի հյուրանոցային համակարգն ունի մոտ 10 հազար քնելատեղ, ուր անցյալ տարի իջեւանել են 25-30 հազար զբոսաշրջիկ։ Ըստ Ա. Սահակյանի՝ այդ քնելատեղերից առնվազն 3000-ը ժամանցի վայրեր են։ «Աշխարհի ոչ մի այլ երկրում չեք հանդիպի հյուրանոցի, որտեղ միաժամանակ սաունա եւ բիլիարդանոց լինի։ Դրանք այլ երկրներում այլ կերպ են կոչվում եւ առանձնացվում են այլ գույներով»,- ասաց Ա. Սահակյանը։





























