Այսօր` նոյեմբերի 29-ին «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար, վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը հանդիպել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, ում ուղեկցել են նրա քաղաքական խորհրդական Մարք Ֆոսեթը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում, ի շարս տարբեր հարցերի, քննարկվել է նաեւ արցախյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ներքաղաքական զարգացումներին եւ 2012թ. ընտրություններին առնչվող օրակարգ:
«Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների եւ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի պայմանակարգի հաճախացած խախտումների առնչությամբ: Ներկայացվել է նաեւ ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության որդեգրած դիրքորոշումը:
Ներքաղաքական եւ նախըտրական զարգացումների կապակցությամբ «Ժառանգության» ներկայացուցիչները բարձր են գնահատել ԵՄի ներկայությունն ու աջակցությունը` միաժամանակ անհանգստություն հայտնելով ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցում եվրոպական որոշ կառույցների մոտեցումների վերաբերյալ, ինչը չի նպաստում Հայաստանում ընտրությունների արդար եւ ազատ անցկացմանը:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարեւորել է «Ժառանգության» հետ հանդիպումը` նրա դիրքորոշումները ԵՄ անդամ երկրներին փոխանցելու եւ համագործակցության նկատառումներով:
Հանդիպումը տեղի է ունեցել Փիթեր Սեմնեբիի նախաձեռնությամբ:




























