«ՀՅ Դաշնակցությունը պահանջում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, քանի որ նա նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով հիմնական խորհրդատուն է, բայց չի բացառվում, որ իրադարձություններն այնպես զարգանան, որ ՀՅԴ-ն գա նախագահի հրաժարականի անհրաժեշտության եզրահանգման»,- սեպտեմբերի 8-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ընդ որում, նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն չի պահանջում նախագահի հրաժարականը, քանի որ դա կհանգեցնի հանրապետությունում իրավիճակի ապակայունացման: «Մենք կոռեկտ քաղաքական պայքար ենք մղում ոչ թե Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի, այլ նրա համար, որ երկիրը հեռու պահենք ցնցումներից: Մենք կոռեկտություն ենք պահպանել նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, բայց նա ինքը խախտեց ձեռքբերված պայմանավորվածությունները»,- նկատեց Հ.Մարգարյանը: Պատասխանելով հարցին՝ կհրաժարվի՞ արդյոք կուսակցությունը մանդտաներից այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրույթուններն առանց ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունների վավերացվեն խորհրդարանում, Հ.Մարգարյանը նշեց. «Ի՞նչ է, այդ դեպքում ինքնահրկիզվե՞նք: Ինչո՞ւ հրաժարվել աշխատել մի մարմնում, որտեղ կարող ես միշտ բարձրաձայն խոսել առկա խնդիրների մասին»:




























