Անցած տարվա դեկտեմբերին Զովունի տանող ճանապարհին հետիոտին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող ՀԷՑ աշխատակից Նորայր Վարդանյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ դեկտեմբերի 3-ին երեկոյան Վարդանյանը դեպի Զովունի տանող ճանապարհին մեքենան վարել է մոտ 50 կմ/ժ արագությամբ, աջակողմյան ճամփեզրից մոտ 3,5 մետր հեռավորությամբ, մոտակա լույսերով: Հասնելով Եղվարդի խճուղու թիվ 132 հասցեին՝ հանդիպակաց երթևեկությամբ մոտեցող ավտոմեքենայի լապտերների լույսերից շլանալու և դրանով պայմանավորված իր երթևեկության համար վտանգ առաջանալու տվյալ պահից սկսած, չի մրացրել իր վարած ավտոմեքենայի վթարային լուսային ազդանշանը, չի փոխել երթևեկության գոտին եւ չի դանդաղեցրել իր վարած ավտոմեքենայի ընթացքը: Վարորդը կարող էր նույնիսկ կանգնեցնել մեքենան, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ պատճառելով նրան մահ:

Դատարանը Նորայր Վարդանյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտեց 2 տարվա ազատազրկման՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Նշենք, որ վարորդն աշխատում է ՀԷՑ-ում: