2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Թուրքի-Էստոնիա խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը գովել է գեղեցիկ կառուցված եւ հարմարավետ մարզադաշտը, սակայն խիստ դժգոհել է խոտածածկույթից, որից խաղի ժամանակ լուրջ դժգոհել են ֆուտբոլիստները։ Սրա պատճառով անմիջապես աշխատանքից ազատվել է Քադիր Հաս մարզադաշտի տնօրենը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ մինչ օգոստոս ամիսը որոշված էր, որ Կայսերիի Քադիր Հաս մարզադաշտում պետք է անցկացվեր նաեւ հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղը, սակայն թուրքական կողմը որոշեց խաղի անցկացման վայրը տեղափոխել Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բուրսա քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտ։ Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած խաղում Թուրքիան հաղթեց Էստոնիային 4։2 հաշվով։ Նույն օրը Երեւանում տեղի ունեցավ նախընտրական փուլի Հայաստան-Բոսնիա հանդիպումը։ Սա այն եզակի դեպքերից էր երբ Թուրքիան երկրպագում էր Հայաստանի հավաքականին, քանի որ Բոսնիայի հավաքականի հաղթանակը կարող է արգելք հանդիսանալ նախընտրական փուլից Թուրքիայի հավաքականի դուրս գալու համար, եւ այդ պատճառով Թուրքիային ձեռնտու էր, որ այդ խաղում հաղթեր Հայաստանը։ Ներկայումս նախընտրական 5-րդ ենթախմբում 21 միավորով առջեւում է Իսպանիայի հավաքականը, նրան հետեւում է Բոսնիան՝ 15 միավորով, Թուրքիան 11 միավորով երրորդ տեղում է, իսկ Հայաստանը ընդամենը մեկ միավոր է վաստակել եւ եզրափակում է աղյուսակը։ Հայաստանը անցկացրած 7 խաղից վեցում պարտվել է եւ մեկ խաղ ավարտել ոչ ոքի։