Թերթն անդրադառնում է նոյեմբերի 22-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ուենցած դեպքին, երբ թթվածնային քաղցի հետեւանքով մահացել էր մի նորածին:
«Մայրը` Ծովինար Ղամբարյանը , փաստում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարող էին երեխայի կյանքը փրկել. երեխայի մահվան պատճառը բժշկի անուշադրությունն էր:
«Եթե բժիշկն ուշադիր լիներ, եւ կեսարյան հատում անեին, երեխաս չէր մահանա», պատմում է Ծովինար Ղամբարյանը:
Բժիշկների կանխատեսմամբ՝փոքրիկը պետք է ծնվեր նոյեմբերի 15-ին, սակայն մայրը ցավեր զգացել է միայն նոյեմբերի 19-ին:
«Դավիթ Լեւոնովիչին ասացի, որ արդեն 4 օր ուշանում է, սակայն բժիշկն ասաց, որ դրանք կեղծ ցավեր են: Սպասենք մինչեւ երկուշաբթի, եթե բնական ցավեր չզգաս, ապա կեսարյան վիրահատմամբ կծննդաբերես»:
Ծովինարը պատմում է, որ նոյեմբերի 17-ին ուլտրաձայնային ստուգումից հետո (էխո) Դավիթ Աբովյանը հայտնել է, որ պտուղը մեծ է` 4 կգ 100 գրամ, եւ ասել է, որ եթե մոտակա երկու օրվա ընթացքում բնական ցավեր չառաջանան` կդիմեն կեսարյան վիրահատության: Ծովինար Ղամբարյանը նաեւ պատմել է, թե ինչպես էանցել ծննդաբերությունը, եւ ինչպես է փոքրիկը թթվածնային քաղցով 5 օր տանջվել մինչեւ մահանալը:
Մինչդեռ բժիշկ Դավիթ Աբովյանը ծննդաբերության ընթացքը բնորոշեց հարթ:
Թերթը հայտնում է նաեւ, որ երեկ ծնողները հայտարարություն են տվել ոստիկանությանը, քրեական գործ է հարուցվել Դավիթ Աբովյանի նկատմամբ: Հայտարարության մեջ ծնողները մեղադրում են բժշկին իր մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած սխալների համար, ինչի հետեւանքը դարձել է երեխայի մահը:
«Մեր նպատակն է, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն, որ ուրիշ ծնողները չապրեն այն, ինչ մենք ապրեցինք, որ բժշկի սխալի պատճառով ուրիշ փոքրիկներ չմահանան», եզրափակել է Ծովինարը:





























