«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թղթաբանական գործընթացները զարգանում են արագ տեմպերով։ Բացառապես արագ։ Միայն եթե հետեւենք այն ողջ տեղեկատվությանը, որը տրամադրում են հայկական ու միջազգային ԶԼՄ-ները, կպահանջվի խմբագրության ողջ անձնակազմը, սակայն մենք կանդրադառնանք ամենակենսական հարցերին», — գրում է Լիբանանի հայկական համայնքի «Ազդակ» թերթը՝ իր վերլուծականում եւ շարունակում.
«Ակնհայտ է, որ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկու Արձանագրությունների վավերացման սահմանված ժամկետներին, այդ ողջ գործընթացը կանցնի սառեցման ու ապասառեցման ոչ մեկ փուլ։ Սակայն այդ ամենը ենթարկվում է Թուրքիայի թելադրած խաղի կանոններին։
Անտեսելով սահմանված ժամկետները, Թուրքիան կարող է անընդհատ հետաձգել, դանդաղեցնել, առարկել, սառեցնել եւ ապասառեցնել „նախաստորագրում-ստորագրում-խորհրդարանի կողմից վավերացում“ գործընթացը։ Ինչն, անկասկած, ծառայում է թուրքական քաղաքականության շահերին։ Եվ այդ ամենն ուղղված է այն բանին, որպեսզի համաշխարհային հանրությանն ի ցույց դրվի այդ հարցում ցուցաբերած Թուրքիայի բարի կամքը։
Ճիշտ է, Արձանագրություններում բացակայում են Հայոց Ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Կարսի պայմանագրի վերահաստատմանը վերաբերող կետերը, սակայն ենթատեքստում հստակորեն ուրվագծվում է այն հանձնաժողովը, որը պետք է ընդգրկվի պատմական հարցերի ու փաստերի (Հայոց Ցեղասպանություն) հետազոտման գործում. կա նաեւ դրույթ, որը պարտադրում է հարգել տարածքային ամբողջականությունն ու այդ լույսի ներքո տարբեր պարտավորություններ, որոնց ընդունմանը կհաջորդի եւ Կարսի պայմանագրի լուռ ընդունումը։ Բացի այդ, այստեղ առկա է նաեւ իրավական իր լուծմանը սպասող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ի դեպ, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ երկու արձանագրությունների շուրջ խորհրդատվությունները կտեւեն վեց շաբաթ, շատերը նկատել են, որ ժամկետը լրանում է հոկտեմբերի 13-ին՝ Կարսի պայմանագրի ստորագրման օրը։
Այդ գործընթացի վերաբերյալ բացատրություններն ու մեկնաբանությունները հակադարձ համեմատական են։ Հայաստանի կառավարությունը հակված է խոսելու առաջընթացի մասին, մինչդեռ ընդդիմադիր ուժերը միահամուռ կերպով պնդում են հայկական դիվանագիտության պարտության մասին։ Մոտավորապես նույն կերպ կարելի է բնութագրել Թուրքիայից հնչող ձայները։ Մինչդեռ Ադրբեջանը՝ Թուրքիայից ստանալով հայտնի երաշխիքները, չի կարողանում թաքցնել իր անհանգստությունը։
Արձանագրություններում առկա շատ փակագծեր պարզապես չեն բացվում։ Այդ մասին խոսելու առիթ դեռ կլինի։ Առավել կարեւոր է, որպեսզի Թուրքիային չհաջողվի պառակտել Հայաստանի քաղաքական դաշտը։ Եվ ակնհայտ է, որ մենք արդեն գտնվում ենք նոր փուլում, որտեղ, ցավոք, պայմանները թելադրում է Թուրքիան։ Ավելորդ է ասել, որ այստեղ հարկավոր է ծայրաստիճան ուշադրություն դրսեւորել»,- նշում է թերթը։




























