Նոյեմբերի 29-ին «Վիշապի կոթողներ» այգի են այցելել Երեւանի քաղաքապետը եւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, որի տարածքում բարձրահարկ շենք կառուցելու դեմ լուրջ բողոքի ալիք է բարձրացել բնակիչների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի շրջանում:

Բնակիչների հետ զրույցում նրանք ասել են. «Շենքը միեւնույն է պետք է կառուցվի` երեւի մոտ 80 մետր այն կողմ, եւ ծառերը տեղափոխվելու են»:

Բնակիչների բողոքի ձայնին ի պատասխան` քաղաքապետն ասել է, որ ՀՀ բնապահպանության նախարարը շուտով կստորագրի թույլտվությունը (խոսքը բնապահպանական փորձաքննության մասին է): Պարոն Գասպարյանն էլ բողոքող բնակիչներին ասել է. «Ուզում եք ժամերով կանգնեք, միեւնույն է կառուցվելու է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այգի էր այցելել Բնապահպանության նախարարը, ով հավաստիացրել էր, որ շինարարությունը չի շարունակվի մինչեւ հանրային լսումների անցկացումը, ինչը պահանջում է օրենքը:

Այս կապակցությամբ, «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարել է հետեւյալը. «Մենք վստահ ենք, որ պարոն Հարությունյանը չի դրժի իր խոսքը եւ չի խախտի ՀՀ օրենսդրությունը՝ առանց հանրային լսումների ստորագրելով որեւէ թույլտվություն:

Ցանկանում ենք պատկան մարմիններին հիշեցնել, որ «Վիշապի կոթողներ»-ը հանրային այգի է: Խնդիրը ոչ թե շենքը այգու մեկ այլ մասում կառուցելն է, այլ ընդհանրապես հանրային այգու եւ քաղաքացիների հանգստի գոտու ամբողջականության պահպանումը: Դրանում որեւէ տարածքի կառուցապատումն անթույլատրելի է՝ անկախ այն բանից, թե այդ տարածքում քանի ծառ կա:

Կից շենքերի բնակչության համոզելու եւ անելանելիության մթնոլորտ ստեղծելու փորձերը համարում ենք ապարդյուն եւ քաջալերում նրանց շարունակել դատական եւ դատախազական ճանապարհով սեփական իրավունքները վերահաստատելու քայլերը:

Մեր ձեռք բերած տվյալները վկայում են, որ սեփականաշնորհման բոլոր փաստաթղթերը նախկինում տրվել են ապօրինաբար, ինչի պատասխանատվությունն ընկնում է համապատասխան պաշտոնյաների վրա: Քանի որ տվյալ դեպքում խախտվել է պետության իրավունքը եւ հանրային շահը, ապա ճիշտ ենք համարում դիմել ՀՀ դատախազությանը` քրեական գործ հարուցելու պահանջով: Լիովին աջակցում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մասին արված հայտարարությունը»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի