Այս պահին դեռեւս շարունակվում է մի քանի տասնյակ անձանց բողոքի ակցիան նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք Նոր Արեշ 35 փողոցի 127/1 շենքի բնակիչներն են։ Շենքը (նախկին հանրակացարան) 4-րդ կարգի վթարային է ճանաչվել դեռեւս 1990 թ.-ից։ Այն ժամանակ բնակիչների մի մասին հատկացվել են բնակարաններ, սակայն ծրագիրը կիսատ է թողնվել։ Ազատված բնակարանները զբաղեցրել են այլ անձինք, որոնք այնուհետեւ սեփականաշնորհել են բնակտարածքները։ Շենքի վթարայնությունը վերջին շրջանում սկսել է ավելի վատանալ՝ գրունտային ջրերը հավաքվում են հենց շենքի նկուղում: Արդյունքում՝ 140 ընտանիքներ ամեն վայրկյան կարող են կորցնել տանիքը։ Երեխաներից շատերը ծնվում են տարաբնույթ հիվանդություններով, իսկ առողջները հիվանդանում են հետագայում։ Բնակիչների մի մասը ներկայում դուրս է եկել շենքից եւ բնակվում է հարազատների մոտ։
Նախագահական նստավայրի մոտ հավաքվածները պահանջում էին շուտափույթ իրենց ապահովել բնակարաններով։ Սա ի դեպ նրանց առաջին բողոքի ակցիան չէ, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։ Իրենց խոսքով՝ «գնդակի նման մի տեղից մյուս տեղն են տշում»։
Նախագահական նստավայրից խոստացել են ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ուղարկել քաղաքապետարանի ներկայացուցչին, սակայն նրա փոխարեն հայտնվեց համատիրության նախագահը, ով լրագրողների տեսնելով՝ անմիջապես հեռացավ նախագահական նստավայր։ Ի դեպ՝ փողոցն էլ անցավ արգելված տեղով։ Իսկ մինչ այդ շենքի բնակիչները ոստիկաններին բացատրում էին՝ մի՞թե պետք է փլուզումներ եւ զոհեր լինեն, որ կառավարությունը հիշի իրենց մասին։





























