Եթե հայ ժողովուրդը բավարար կամք եւ հետեւողականություն ցուցաբերի, իշխանությունները չեն համարձակվի ստորագրել հայ-թուրքական արձանագրություններն այն վիճակով, որ նրանք համաձայնեցվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Եթե իշխանությունները դեմ գնան ժողովրդի կամքին, միջազգային հանրությունը կհասկանա, որ ստորագրվել են հասարակությա կամքին հակադրվող փաստաթղթեր, եւ դրանք կարժեզրկվեն»,- հայտարարեց Մարգարյանը՝ հույս հայտնելով, որ իշխանություններն ի վերջո կլսեն ժողովրդին եւ չեն խայտառակի իրենց: Պատասխանելով հարցին, թե ինչն է ստիպում իշխանություներին ստորագրել ՀՅԴ կարծիքով՝ այդ «հակաժողովրդական փաստաթղթերը», նա նշեց. «Ես չեմ կարծում, թե որեւէ հայ նպատակամղված կգնա սեփական ժողովրդի շահերի արհամարհմանը: Դա ավելի շուտ տեղի է ունենում ներքին եւ արտաքին ուժերի ճնշմամբ, եւ սխալ հաշվարկների արդյունք է»:

Պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու ՀՅԴ հետագա քայլերը, եթե արձանագրությունները ստորագվեն առանց փոփոխությունների, Հրանտ Մարգարյանը սխալ համարեց դրանք հանրաքվեի դնելը: «Կարծում եմ՝ որ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցը պետք է լուծվի նախագահի եւ քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում»,- նկատեց նա:

Խոսելով արձանագրությունների առավել անընդունելի դրույթների մասին՝ Մարգարյանը մատնանշեց Հաայստանի եւ Թուրքիայի կողմի երրորդ երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու դրույթը: «Եթե նշված դրույթում խոսքը չի գնում Ադրբեջանի մասին, ապա ո՞ւմ մասին է՝ Ֆրանսիայի՞: Հայաստանն ու Թուրքիան պետք է ճանաչե՞ն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հստակ է, որ փաստաթղթում նշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց ինչո՞ւ փաստաթղթում խոսք չկա ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,- բորբոքվեց Մարգարյանը: Նա ընդգծեց, որ արձանագրությունները ՀՅԴ-ի համար ընդունելի կլինեն, եթե դրանցում խոսք չլինի ցեղասպանության մասին եւ չպահանջվի համատեղ սահմանների ճանաչում: «Վերջապես նման փոխզիջման գնալով ի՞նչ է ստանում Հայաստանը՝ սահմանների բացո՞ւմ: բայց Սփյուռքի հետեւողական աշխատանքի շնորհիվ միջազգային հանրությունն այդ ուղղությամբ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»,- նշեց նա եւ ընդգծեց, որ ՀՅԴ-ն միշտ հանդես է եկել սահմանների ապաշրջափակման օգտին, թեեւ գիտակցում է, որ Հայաստանը հետայսու էլ կարող է գոյատեւել առանց սահմանների բացման: Նա նաեւ չի բացառել, որ ՀՅԴ ներկայացուցիչները օրերս հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ: