Հայաստանը կարող է հարթակ դառնալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի համագործակցության համար: Այս մասին հուլիսի 5-ին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել. Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումները» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ:
Նրա խոսքով` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հատուկ կարեւորություն է ներկայացնում փորձի փոխանակումը, ինչպես նաեւ Հայաստանի Զինված ուժերում բարեփոխումները` ուղղված կրթական մակարդակի բարձրացմանը եւ արդիականացմանը: «Հայաստանը ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր է` այն դեպքում, երբ մի քանի անդամ երկրներ, օրինակ` Թուրքիան, ավելի ոչ հուսալի են դառնում: Դրանից զատ, Հայաստանը կարող է հարթակ դառնալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի համագործակցության համար: Վերջապես` մենք մեր զենքը Ռուսաստանից ենք ստանում, փորձ ենք ձեռք բերում ՆԱՏՕ-ից»,- ընդգծեց Կիրակոսյանը:





























