Թուրքիայում դեկտեմբերի 16-ին սկսվող «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջման ծրագրի դատավարության ընթացքում Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի նախկին 3 պետերը կպատասխանեն դատարանի հարցերին:
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ այս տարի օգոստոսին պաշտոնավարումն ավարտած Իլքեր Բաշբուղի համար պատրաստվում է 45 հարց՝ կապված «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի հետ:
Թուրքական դատարանում հարցերին կպատասխանեն նաեւ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի նախկին պետերը՝ Յաշար Բույուքանըթը եւ Հիլմի Օզքյոքը, ինչպես նաեւ ցամաքային զորքերի նախկին հրամանատար Այթաչ Յալմանը։
Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանում դեկտեմբերի 16-ին սկսվելիք դատավարության մեղադրական զեկույցում են հայտնվել Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Հալիլ Իբրահիմ Ֆըրթնան, ծովային ուժերի հրամանատար ծովակալ Օզդեն Օրնեքը, 1-ին բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ Չեթին Դողանը եւ այլք:
196 մեղադրյալներ ներառող 800 էջանոց մեղադրական զեկույցում ներառված է նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի միության վերացման պլանի տակ ստորագրած ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքի անունը:
Նշենք, որ թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝ ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:





























