«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի ուսման կազմակերպման հարցը անորոշ վիճակում է. չնայած ՀՀ արդարադատության նախարարությունը թույլ է տվել, որպեսզի Արամը ստանա հեռահար կրթություն, սակայն, համալսարանները հրաժարվում են նրան ընդունել որպես ուսանող: NEWS.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանի կողմից լիազորված անձ, նրա ուսման հարցերով զբաղվող Արփի Ավետիսյանը նշեց, որ դիմել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, որպեսզի Արամ Մանուկյանին որպես ուսանող ընդունեն իրենց մոտ, սակայն, արդեն համալսարանի կողմից տարբեր պատճառաբանություններ են ներկայացվել, որն էլ վկայում է, որ մերժելու են:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան եմ դիմում ներկայացրել, որ Արամն իր կրթությունը շարունակի, բայց համալսարանի կողմից մերժելու միտում եմ տեսնում, ընդամենը մեկ շաբաթ է, որ դիմումը ներկայացրել եմ, բայց տարբեր առարկություններ են արդեն ներկայացրել՝ կրեդիտային տարբերություն կա, հնարավոր չէ, որ միանգամից 3-րդ կուրս նստի եւ այլն: Բայց մեկ համալսարանով չենք բավարարվելու, եթե այլ համալսարաններ կլինեն, որ Արամին որպես ուսանող կընդունեն՝ հենց իմ առաջարկած թեստային տարբերակով, թեկուզ բանավոր քննությունները թեստավորեն, իսկ անհատական աշխատանքների դեպքում արդեն դատարանին կմիջնորդենք, որպեսզի Արամին թույլ տան քննաշրջանում համալսարան ներկայանալ, կամ դիպլոմայինի պաշտպանության համար»,-ասաց նա:

Արփի Ավետիսյանը նշեց, որ մինչեւ կալանավորվելը, Արամ Մանուկյանը սովորել է Ճարտարապետաշինարարական համալսարանի Ձեռնարկությունների կառավարում եւ տնտեսագիտություն բաժնի երկրորդ կուրսում, սակայն, նրան հեռացրել են:

«Չնայած արդարադատության նախարարությունը թույլտվություն տվել էր, որպեսզի հեռահար կրթություն ստանա Արամը, սակայն, համալսարանն այդ թույլտվությունը հաշվի չառավ եւ շատ կոպիտ ձեւով դիմել էին Արամի մայրիկին եւ ասել, որ եթե Արամի  հեռացման դիմումը չգրեն՝ կհեռացնեն նրան: Կալանավորը ունի կրթություն ստանալու իրավունք, թե համալսարանն այն ինչ մեթոդներով կկազմակերպի՝  համալսարանի խնդիրն է»,-ասաց նա: