«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահներ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները մտահոգություն են հարուցում: Արդյոք այդ ամենը չի՞ վկայում այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդպիսի վերաբերմունքի ուղղորդվածության եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից, կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե` ոչ, միջնորդում ենք ՀՀ իշխանություններին, անկողմանակալ մոտեցում ցուցաբերել այս հարցում:

Լեւոն Անանյան-Հայստանի գրողների միության նախագահ

Հակոբ Ղազանչյան-Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

Մկրտիչ Մինասյան-Հայաստանի ճարտարապետների միության նախագահ