Սեպտեմբերի 8-ին իր անդրանիկ նիստն է գումարել Դատախազության համակարգի բարեփոխումների իրականացման աշխատանքային խումբը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատախազության համակարգում բարեփոխումների նպատակը Եվրամիության անդամ երկրներում գործող դատախազական չափանիշների ներդրումն է Հայաստանում եւ պայմանավորված է «Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրով:

Դատախազության համակարգը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Կներդրվի դատավորների եւ դատախազների թեկնածուների, ինչպես նաեւ դատավորների, դատախազների, դատական եւ դատախազական ծառայողների ուսուցման եւ վերապատրաստման միասնական համակարգ:

Նիստում որոշվել է եվրոպական փորձագետների աջակցությամբ մշակել բարեփոխումների ծրագիր եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման: