Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Ռաֆիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու որոշումը, թեեւ մինչ այդ նշել է, որ այդ հարցի իրական պատասխանը կարող է տալ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես կարող եմ մեկնաբանել նրանով, որ, տեսնելով, թե իր կողմից հետապնդված հարցերը պետությունն ինքն արդեն լուծում է և գնում է հարաբերությունների նորմալացման, կարող է ասել՝ էլ ես անելիք չունեմ, պետությունն անում է, թող անի։ Մյուս կողմից էլ կարող է մտածել, որ պետությունը, հանրապետության նախագահը սխալվում են, իշխող կուսակցությունն ու կառավարությունը սխալվում են, և սա կարող է հանգեցնել վատ հետևանքների հայ ժողովրդի համար. կարող է ասել՝ ես ձեռքերս լվանում եմ, քաշվում մի կողմ, որ այդ մեղքն իմ վրա չընկնի»,- ընդգծել է նա:

Իսկ ահա Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճառը Ռ. Պետրոսյանը հասկանում է. "Սուքիասյանն ինքը բացատրել է իր քայլը՝ ասելով, որ «այն ԱԺ-ն, որը տվեց համաձայնություն ինձ կալանավորելու, ձերբակալելու, ես այդ ԱԺ-ում անլիք չունեմ»։