Ծրագրվում է թվայնացնել «Հայֆիլմի» ոսկե ֆոնդը, որտեղ շուրջ 400 ժապավեն կա։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 400 ֆիլմերից դեռ թվայնացված է միայն 2/3-ը։ «Սակայն թվայնացումը ամենաբարձր որակով չէ։ Այն թվայնացրել է մասնավոր անձը։ Մենք ցանկանում ենք այդ գործը մինչեւ վերջ հասցնել»,- հստակեցրեց փոխնախարարը։

Պողոսյանը նշեց, որ առաջիկա հինգ տարում կինոյի ոլորտում մի շարք բարեփոխումներ են նախատեսվում։ «Նախատեսվում է քննարկումներ անցկացնել տարբեր քաղաքացիական կազմակերպությունների եւ կառույցների հետ՝ կինոյի օրենքի վերաբերյալ»,- ասաց նա։

Մշակույթի փոխնախարարը հայտարարեց նաեւ, որ Հայաստանում կինոյի գործերով լիազորված կառույց կլինի, որը կնպաստի հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացմանը, ինչպես նաեւ համապատասխան պայմաններ ապահովի արտասահմանցի կինոարտադրողների համար, որոնք կցանկանան նկարահանումներ իրականացնել մեր երկրի տարածքում։