Կասկած չկա, որ ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասը հետաքրքրված է ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակմամբ եւ մտահոգված է տարածաշրջանում լարվածության աճով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, գագաթաժողովը կողմերից ոչ մեկին չի աջակցի, սակայն կարտահայտվի բանակցությունների շարունակման օգտին:

«Զգալի առաջընթաց կլիներ, եթե գագաթաժողովում ԵԱՀԿ անդամ-երկրները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ նշեն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կողմերի դիրքորոշումները շատ տարբեր են, եւ այս փուլում բանակցությունների բեկում սպասել պետք չէ, սակայն քանի որ Ադրբեջանը հայտարարում է, որ, ընդունելով սկզբունքները, իրավունք  է վերապահում ղարաբաղյան խնդիրը լուծել այլ ճանապարհով, ապա այդպիսի հստակեցումը քայլ առաջ կլիներ», - նշեց Զատուլինը` ավելացնելով. «Ստեղծված իրավիճակում այդպիսի հայտարարութունն ինքնին շատ կարեւոր կլինի: Կարգավորումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Խաղաղ գործընթացին այլընտրանք չկա: Այն խափանելու բոլոր փորձերը պետք է կասեցվեն: Ադրբեջանն ամեն անգամ պնդում է, որ մեղավոր չէ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի փաստով, սակայն չի ընդունում այդպիսի դրույթ»:

Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների ռազմաշունչ հայտարարություններին` Զատուլինը նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը սկզբունքորեն, այդ պատճառով էլ ավելի հաճախ է դիմում միլիտարիստական հռետորությանը եւ սադրանքներին: Այդ կերպ Ադրբեջանը փորձում է ուշադրություն գրավել խնդրի չլուծված լինելու վրա եւ դրդել համանախագահներին` ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ ապահովել Ադրբեջանին ձեռնտու վերջնարդյունք:

Զատուլինի կարծիքով, այդպիսի դիրքորոշումը իրականությունից հեռու է եւ հուզական ընկալման ոլորտում է. «Ադրբեջանը ռազմաշունչ հռետորությամբ արհեստականորեն հայրենասիրություն է գրգռում: Այդ գաղափարախոսության ստեղծողները չեն կարողանա ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ինչը կբերի լայն ռազմական գործողությունների», - նշեց ռուսաստանցի պատգամավորը: Նրա խոսքով, այդ վտանգը միշտ գիտակցվել է Հայաստանում եւ Ադրբեջանում:

 «Ադրբեջանը պետք է հիշի, որ Հայաստանի հետ պատերազմի ժամանակ հենց Ադրբեջանի ներսում տեղի էին ունենում բազմաթիվ բացասական իրադարձություններ, դավադրություններ, հեղաշրջումներ, սակայն այդ ամենը տեսած մարդիկ գնացել են, իսկ նորերի համար պատերազմը անցյալից եկող ձայն է, որը ծանրացած չէ հիշողություններով», - կարծում է Զատուլինը:

Ամփոփելով` Զատուլինը նշեց, որ այս պայմաններում բոլոր մարտավարական պայմանավորվածությունները կարեւոր են. «Ես ցանակնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետ ստանա իր շրջանները եւ Հայաստանի հետ պայմանավորվի միջանցքի մասին: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մասին նա խոսում է, ԽՍՀՄ փլուզման պահին արդեն չկար: Ադրբեջանի ճանաչման պահին այդ տարածքն արդեն իր վերահսկողության տակ չէր», - եզրափակեց Կոնստանտին Զատուլինը: