Թերթն արձանագրում է, որ ամառային արձակուրդը Անթալիայում անցկացրած եւ այնտեղ մի քանի 1000 դոլար ծախսած հայ զբոսաշրջիկները նախընտրում են ձմռանը հանգստանալ ոչ թե Ծաղկաձորում կամ Ջերմուկում, այլ Դուբայում: Հայաստանի տուրօպերատորները փաստում են, որ Եգիպտոսին եւ Հորդանանին զուգահեռ հատկապես Ամանորին մեծացել է Դուբայ մեկնողների թիվը:

Եթե նախորդ տարիներին վերոնշյալ ուղղություններում մի խումբ հազիվ էր հավաքվում, ապա այժմ հավաքված խմբերը մի քանի տասնյակ են: Հենց այդ պահանջարկը հաշվի առնելով՝ նոյեմբերի 21-ից Դուբայ չվերթեր է իրականացնում «Ֆլայդուբայ» ընկերությունը:

Շուրջ մեկ ամիս առաջ ձեւավորված ընկերության ներկայացուցիչները թերթի հետ զրույցում փաստել են, որ գոհ են մարդկանց հոսքից, դեկտեմբերի համար նախատեսված տոմսերը գրեթե սպառվել են: Այժմ ընկերությունը Երեւան-Դուբայ չվերթեր իրականացնում է շաբաթական երկու անգամ, դեկտեմբերի 15-ից ընկերությունը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղություն կվերցնի շաբաթական երեք անգամ:

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա»-ն հայտնել է, որ նախկինում ընկերությունը շաբաթական դեպի Դուբայ չվերթ էր իրականացնում 4 անգամ: Պայմանավորված մարդկանց հոսքով` ընկերությունը պատրաստվում է ավելացնել Երեւան-Դուբայ-Երեւան չվերթերի քանակը` շաբաթական հինգ անգամ:

Թերթը նաեւ նշում է, որ անգամ տուրիստական գործակալությունների մենեջերներն են փաստում, որ Դուբայն ամենապահանջված քաղաքն է դարձել: