Բեռլինը չգիտի, թե ում ու ինչին հավատա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության՝ Ռոսաստանի, Կենտրոնական Ասիայի ու Արեւելյան Եվրոպայի հետ կապերի հարցով ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը, փոխանցում է Reuters-ը։

Նա ողջունել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը Համբուրգում, նշելով, որ չափազանցություն չի լինի ասել, որ Սիրիայի հարավ- արեւմուտքում կրակի դադարեցումը դարձել է Համբուրգում Պուտինի հետ Թրամփի հանդիպման արդյունքը։ Սակայն Էրլերը նշել է, որ դեռ պարզ չէ, արդյոք Թրամփի աշխատակազմը կկարողանա լուծել Ուկրաինայի ու Սիրիայի բարդ ու անլուծելի հակամարտությունները՝ ուղարկելով հակասական ազդանշաններ Ռուսաստանի հարցում իր քաղաքականության վերաբերյալ ու պայքարելով Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի ենթադրյալ կապերի մասին անդադար արտահոսքի դեմ։ «Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության հարցում մենք նկատում ենք անվճռականություն»,- ասել է Էրլերը։ «Չկա հստակ ուղղություն։ Այս հարցը Ամերիկայում դարձել է  ներքին բանավեճերի գերին։ Ու այս իրավիճակը շուտ չի ավարտվի»։

Նրա խոսքով Գերմանիայի համար դժվարացել է հասկանալը, թե ում ու ինչին է պետք հավատալ ԱՄՆ նոր վարչակազմում։ «Հարցն այն է, թե ինչն ենք մենք փաստ ընդունում։ Այն, ինչ Թիլերսո՞նն է ասում, նախագա՞հը, թե՞ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլին»,- հարցրել է Էրլերը։ «Այնքան շատ են ձայները ու դրանք բոլորը տարբեր կերպ են հնչում»։