ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը հրապարակել է էլեկտրոնային նամակագրություն, որից հետեւում է, որ ռուսաստանցիներն իրոք նրան առաջարկել են վակաբեկող տեղեկություններ Հիլարի Քլինթոնի մասին, հայտնում է BBC-ն։

Հիմա ՀԴԲ-ն ու ԱՄՆ կոնգրեսը հետաքննում են Ռուսաստանի հնարավոր միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին ու փորձում են հասկանալ՝ արդյոք Թրամփի թիմի որեւէ անդամ Կրեմլի հետ դավադիր կապեր է ունեցել։

Թրամփ կրտսերն ուղեկցել է այդ հրապարակումը հետեւյալ հայտարարությամբ։

«Ձգտելով լինել լրիվ բաց՝ ես հրապարակում եմ Ռոբ Գոլդսթոունի հետ էլեկտրոնային նամակագրությունը՝ 2016-ի հունիսի 9-ի հանդիպման մասին։ 2016-ի հունիսի 3-ին ստացված առաջին հաղորդագրությունը Ռոբն էր ուղարկել ու այն վերաբերում էր Էմին Ագալարովի խնդրանքին, մի մարդու, որին ես ճանաչում եմ Միս տիեզերք 2013 մրցույթի ժամանակներից, որը Մոսկվայի մոտ էր անցնում։ Էմինն ու նրա հայրը շատ հարգված ընկերություն ունեն Մոսկվայում։ Ես կարծում էի, թե նրանց ունեցած տեղեկությունը վարկաբեկում է Հիլարի Քլինթոնին։ Սկզբում ես պարզապես ուզում էի խոսել հեռախոսով, բայց երբ դա չստացվեց, ինձ ասացին, որ Նյու Յորքում մի կին է լինելու ու խնդրեցին որ ես նրա հետ հանդիպեմ։

Այդ կինը Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չէր։ Ու ինչպես արդեն ասել ենք, նա մեզ համար ուներ տեղեկություն, ու ուզում էր խոսել Մագնիտսկու ցուցակի ու որդեգրման քաղաքականության մասին։ Համատեքստի համար հավելեմ, որ դա տեղի է ունեցել մինչեււ Ռուսաստանի շուրջ ներկա մտահոգության դրսեւորումը։

Հրապարակված նամակագրությունից հասկանալի է դառնում, որ Ռոբ Գոլդսթոունը Թրամփ կրտսերին հայտնել է Ռուսաստանի հետ Հիլարի Քլինթոնի կապերի մասին վարկաբեկող փաստաթղթերի առկայության մասին՝ Էմին Ագալարովի խնդրանքով, որը ռուս գործարար ու Crocus Group ընկերությունների խմբի սեփականատեր Արազ Ագալարովի որդին։

Ռոբ Գոլդսթոունի նամակում ասվում է, որ Ռուսաստանից ոմն «թագավորական դատախազ» հանդիպել է Արազ Ագալարովի հետ ու նրան հայտնել նման տեղեկությունների առկայության մասին։ Գոլդսթոունի ուղարկած էլեկտրոնային նամակի թեմայում նշված է «Ռուսաստան- Քլինթոն, գաղտնի տեղեկություն»։ «Սա Ռուսաստանի իշխանությունների արշավի մի մասն է ,որի նպատակն է օգնել Թրամփին հաղթել ընտրություններում»,- ասվում է Թրամփ կրտսերին ուղղված Գոլդսթոունի այդ նույն նամակում։