Եվրամիությունում նախագահող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում 2017թ. հուլիսի 7-ին կայացել է Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:

«Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների, ինչպես եւ ԵՄ անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակությունները: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն իր ելույթում կարեւորեց գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ համագործակցությունը, անդրադարձավ մինչ այժմ կատարված աշխատանքներին, հատկապես՝ Արեւելյան գործընկերության ոստիկանական ծրագրին, ինչպես եւ Հայաստանում կիբերհանցավորության եւ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պատվիրակության կողմից, որի կազմում ընդգրկված էին Ադրբեջանի արդարադատության նախարարը եւ ներքին գործերի փոխնախարարը, հերթական սադրանքի փորձ կատարվեց, ինչին անմիջապես հակադարձեց Վ.Եղիազարյանը՝ մասնավորապես շեշտելով, որ անընդունելի է քաղաքականացնել նման հանդիպման հարթակը, հաշվի առնելով, որ հավաքվածների նպատակն ընդհանուր է՝ պայքար հանցավորության դեմ:

Վ.Եղիազարյանն ընդգծեց, որ եթե Ադրբեջանն իրոք մտահոգված է եւ ցանկանում է ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ կարգավորում, չպիտի խոչընդոտի բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը եւ կառուցողական ներգրավվածություն ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող գործընթացում»։