Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ամբիոնից ընդգծել է ԼՂ հակամարտության լուծման գործում Հելսինկյան սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նա հատուկ ընդգծել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
«Ընդգծում եմ՝ բացառապես խաղաղ, այլ ոչ թե այնպես, ինչպես փորձեց անել Վրաստանը 2008թ.»,- ասել է Մեդվեդեւը:
Իր հերթին Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը հայտարարել է, թե ներկայիս գագաթաժողովում հաստատվելու է եվրոպական անվտանգության լրամշակված խարտիան:
Մեդվեդեւը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքների մշակման անհրաժեշտությունը:
Ըստ նրա՝ այդ սկզբունքների շարքում են ուժի չկիրառումը, բանակցային եւ խաղաղարար ձեւաչափերի հարգումը, քաղաքացիական բնակչության իրավունքների ապահովումը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:





























