Օրերս մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, Հայաստանի քաղաքական շրջանակներում լուրերն են շրջանառվում, թե առաջիկայում հնարավոր է մեր հանրապետությունում նոր՝ պրոռուսական քաղաքական ուժ ստեղծվի: Նշվում էր նաեւ, որ այդ գործընթացի մեջ է ներգրավված Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը եւ Հայաստանում ՌԴ դեսպանատունը:
Սմբատ Կարախանյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը ոչ մի նման գործընթացի մեջ ներգրավված չէ: «Ես համարել եմ եւ համարում եմ, որ Հայսատանում առկա քաղաքական ուժերից ներկայումս միայն Հայ ազգային կոնգրեսը կարող է Հայաստանում լուրջ փոփոխություններ իրագործել: ես ինձ համարել եմ եւ համարում եմ Կոնգրեսի անդամ»,-ասել է Սմբատ Կարախանյանը: Ըստ վերջինիս, որոշ ուժեր ինչ-որ խաղեր տալու ցանկություն ունեն, որը փորձում են կապել իր անվան հետ: Իսկ իրականությունն, ըստ Կարախանյանի այն է, որ ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում վերջին շրջանում պարբերաբար քննարկվել է Հայաստանի իշխանությունների կոռումպացված լինելու հարցը եւ այդ առնչությամբ մտահոգություններ են հնչել:
Այդ քնարկումների ժամանակ ինքն առաջարկել է Հայաստանում ստեղծել հասարակական կազմակերպություններ, որոնք հակակոռուպցիոն գործունեություն կծավալեն, իսկ ընտրությունների ընթացքում էլ ընտրակեղծիքների դեմ կպայքարեն: «Այս ծրագրի իրագործման համար ես առաջարկել եմ հասարակական կազմակերպությունների մի ամբողջ ցանց ստեղծել»,-ասել է Կարախանյանը: Իսկ որպեսզի այդ հասարակական կազմակերպությունների անդամները, հակակոռուպցիոն գործունեություն ծավալողները եւ ընտրակեղծիքների դեմ պայքարողները ՀՀ իշխանությունների հնարավոր ռեպրեսիաներից պաշտպանված լինեն, ըստ Կարախանյանի, ինքն առաջարկել է, որ հասարակական կազմակերպությունների այդ ցանցը գործի ՀՀ-ում ՌԴ դեսպանության «տանիքի» տակ: Կարախանյանը տեղյակ չէր, թե արդյոք ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այս ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարե՞լ է, թե՝ ոչ:





























