Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին: «Ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը պետք է շարունակվի»,- ասել է Մերկելը ԵԱՀԿ գագաթաժողովում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

Անդրադառնալով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությանը՝ Մերկելը նշել է, թե 2008թ. օգոստոսին, երբ ծագեց հակամարտությունը, «մենք բախվեցինք վստահության լուրջ ճգնաժամի», սակայն ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովից հետո վստահությունը վերականգնվեց:

«Մենք հավատարիմ ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, ուստի պետք է շարունակենք մեր ջանքեր՝ հատկապես Ժնեւյան քննարկումների շրջանակներում՝ ամրապնդելու անվտանգությունը, լավացնելու իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում»,- ասել է նա:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: