Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 16 –ին հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի, Ժորժ Կոլոմբիեյի և նշված հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնի հետ, հայտնում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը։

Հանդիպման ժամանակ, նրանք քննարկել են Եվրոխորհուրդի առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունները։ Այս համատեքստում քննարկվել են քաղբանտարկյալների ազատազրկման, մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ փաստահավաք խմբի գործունեության, լրատվամիջոցների ազատության, հատկապես «Ա1+»-ի վերաբացման, ինչպես նաեւ հանրահավաքներ անցկացնելու ազատության հարցերը։

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստան են ժամանել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն, որոնք հանձնաժողովի նիստի ժամանակ կներկայացնեն Հայաստանի իրավիճակի վերաբերյալ իրենց զեկույցները։ Համազեկուցողների Հայաստան ժամանելու որոշումը կայացվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ։ Նշենք, որ համազեկուցողները արդեն հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։