ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը բարձր է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը:

Դորա Բակոյանիսն այդ հայտարարությունն արել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը լավ առիթ է` տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ օրակարգային հարցերը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:

«Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը շարունակում է մեր տարածաշրջանում մնալ որպես կայունության ու խաղաղության ամրապնդող գործոն, ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացման գործընթացի ակտիվ դերակատար»,- ընդգծել է նախագահը` վստահություն հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը լրացուցիչ խթան կլինի համագործակցության զարգացման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում եւ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում ադրբեջանական կողմը վերջին ժամանակներս սկսել է ավելի հազվադեպ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին: «Համարելով հանդերձ, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշակիորեն դրական ընթացք է ստացել, ես, սակայն, գոհ չեմ բանակցությունների ընթացքից, որովհետեւ ադրբեջանական կողմը փորձում է ձեւախեղել ինչպես բանակցությունների ընթացքը, այնպես էլ բուն հակամարտության էությունը», — նշել է երկրի ղեկավարը:

ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր երկրի պատրաստակամությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է նաեւ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ կողմից վերջերս հայտարարված համաներումը: