ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) համաձայնեցրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայտարարության տեքստը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի դիվանագիտական աղբյուրները, տեքստը հրապարակվելու է Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի նպատակն է մշակել «կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով համընդգրկուն փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Նա նշել էր, թե սկզբունքների հիմնական մասով համաձայնություն է ձեռք բերվել, բայց լուրջ խնդիրները դեռ մնում են:





























