ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ավարտել է Պարսից ծոցի երկրներ քառօրյա այցը՝ Կատարի շուրջ դիվանագիտական ճգնաժամի ոչ մեծ առաջընթացով, հայտնում է AFP–ն։
Այսօր Թիլերսոնն իր ուղեւորության եզրափակիչ փուլում կրկին հանդիպել է Կատարի էմիր Համադ Ալ Թանիի հետ, նաեւ բանակցություններ է վարել Կատարի ԱԳ նախարարի եւ Քուվեյթի միջնորդների հետ։ Կողմերը մամուլի համար հայտարարություններ չեն կատարել։ Չնայած մաքոքային դիվանագիտության ինտենսիվ ռաունդին, որի ընթացքում Թիլերսոնը հանդիպումներ է անցկացրել Քուվեյթում եւ Սաուդյան Արաբիայում, Կատարի եւ Պարսից ծոցի հարեւանների հետ լարվածությունը պահպանվում է։
Թիլերսոնը Դոհա է վերադարձել Սաուդյան Արաբիայի թագավորի եւ ժառանգորդ արքայազնի հետ հանդիպելուց հետո։ Երեքշաբթի իր նախորդ այցի ընթացքում ԱՄՆ–ը եւ Կատարը համաձայնագիր էին ստորագրել ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի մասին, որը Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ–ն եւ Եգիպտոսը «բավարար» չէին համարել։




























