2009 թվականի տվյալներով, մեր տարածաշրջանում ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված շուրջ 1,9 մլն մարդ, սակայն սա վերջնական թիվ չէ, քանի որ տարածաշրջանի 7 երկրներում, այդ թվում՝ եւ Հայաստանում, հիվանդացության դեպքերի աճ է նկատում։ Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։
«Հայաստանում վերջին տարվա ընթացքում գրանցվել է հիվանդացության դեպքերի 0,1 տոկոս աճ։ Հատկանշական է, որ 2009 թվականի տվյալներով, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում։ Երեւանը հայտնվել է երկրորդ տեղում, նրան հաջորդում են Լոռու, Արմավիրի եւ Սյունիքի մարզերը»,- տեղեկացրեց մասնագետը՝ երեւույթը մեծապես պայմանավորելով արտագնա աշխատանքի մեկնած եւ վերադարձած տղամարդկանց հանգամանքով։
«Պաշտոնական տվյալներով, մեր երկրում այսօր ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված շուրջ 1900 մարդ։ Ռիսկային խմբում են 25-39 տարեկան անձինք։ Նորություն է, սակայն, այն փաստը, որ վերջին տարիներին հիվանդացության տեսակարար կշիռն աճում է հատկապես կանանց մոտ։ Բայց ուրախալի է, որ անցած տարվա համեմատ՝ այս տարվա 11 ամիսների ըւնթացքում Հայաստանում մահացությունների դեպքերը կրճատվել են 2 անգամ։ Անցած տարվա 46 դեպքի դիմաց, 21010 թվականի տվյալներով այս վարակից մահացել է 23 մարդ»,- նշեց Սամվել Գրիգորյանը։ Նա նաեւ շեշտեց, որ եթե նախորդ տարիներին Հայաստանում հիվանդությունը փոխանցվում էր հիմնականում թմրամիջոցների ներարկման ճանապարհով, ապա այժմ միտումը փոխվել է, եւ վարակը տարածվում է առավելապես անկանոն սեռական հարաբերությունների ուղիով։
Ասուլիսին ներկա կառավարության ներկայացուցիչ Տիգրան Սահակյանն էլ տեղեկացրեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար Կառավարությունն այս տարի հատկացրել է 112 մլն 938 հազար դրամ։ «Սակայն Կառավարությանն այս գործում օգնում են նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունները։ Դրանցից ամենամեծ օգնությունը տրամադրվում է Գլոբալ հիմնադրամի կողմից, որը երեք տարվա համար (սկսած 2009-ից) վարակի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին տրամադրել է շուրջ 7,9 մլն եվրո»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ շեշետելով նաեւ ՀՀ կառավարության՝ 2002 թվականին ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ազգային ծրագրի մշակման կարեւորությունը։
Վարակի կանխարգելման կարեւորությունը շեշետեցին նաեւ ասուլիսին ներկա Հայաստանի ԱԺ առողջապահության, մայրության եւ մայրության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մ շտական համակարգող Դաֆինա Գերչեւան եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան ղեկավար Մանուելա Գրոզդանովան։





























