Ռուսաստանի Պետդուման երրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով Ղրղզստանի, նաեւ այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն ամրագրված է որպես պաշտոնական, թույլատրվում է պրոֆեսիոնալ վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքներով։ Նախաձեռնության հեղինակներն են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փոփոխություններ են արվելու «Ճանապարհային երթեւեկության անվանգության մասին» օրենքում ու վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ 2013-ին Ռուսաստանում ընդունվել էր օրենք, որը արգելում էր Ռուսաստանի տարածքում աշխատանքի ընդունել այն վարորդներին, որոնք չունեն Ռուսաստանից ստացած համապատասխան կատեգորիաների վարորդական վկայականներ։ Այդ արգելքի ժամկետը երեք անգամ հետաձգվել է, բայց վերջին հետաձգումը՝ մինչեւ 2017-ի հունիսի 1-ը, սպառվել է, ու այդ ժամանակվանից ուժի մեջ է մտել պահանջ, որի համապատասխան Ռուսաստանում վարորդ կարելի է աշխատել միայն Ռուսաստանում ստացված վկայականներով։
Նոր օրենքը վերոնշյալ երկրների քաղաքացիներին թույլատրում է ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով աշխատել Ռուսաստանում։ «Մենք այս ձեւով խրախուսում ենք այն պետություններին, որոնք իրենց հարգանքն են ցույց տալիս ռուսաց լեզվի հանդեպ ու ամրագրում են դա իրենց սահմանադրությունում, որի համաձայն, այդ լեզում տվյալ երկրում պաշտոնական է համարվում»,- ասել է ՏԱՍՍ-ին օրինագծի հեղինակներից մեկը՝ ԱՊՀ գործերի, եվրաինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։




























